20 մայիսի 2019 - 08:57 AMT
ԼՀԿ-ն վարչապետին հորդորել է վերանայել դատարանների արգելափակման կոչը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել դատարաններն արգելափակելու իր կոչը։

«Այս պարագայում խաթարվում է ՀՀ֊ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իր իսկ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները՝ վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը։ Գործադիր իշխանությունն՝ ի դեմս ՀՀ վարչապետի արդեն մեկ տարի ուներ և այժմ էլ ունի դատական համակարգը օրինազանց դատավորներից մաքրելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելու գործնական բոլոր լծակները, ինչը մինչև այժմ չի արվել։ Կոչ ենք անում Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կոչը և ձեռնպահ մնալ դատարանների մուտքերը փակելու մտադրությունից, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիները կարողանան պաշտպանել և իրացնել իրենց սահմանադրական իրավունքները», ասվում է հայտարարության մեջ։

Կուսակցությունը կոչ է արել ՀՀ ԱԺ նախագահին վաղը ևեթ հրավիրել արտահերթ նիստ`քննարկելու ստեղծված իրավիճակը։

Միևնույն ժամանակ վերահաստատել է մեր պատրաստակամությունը աջակցելու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որի արդյունքում կունենանք լիարժեք գործող և ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։