20 մայիսի 2019 - 09:16 AMT
ԲԴԽ-ն կոչ է արել դատարանների աշխատողներին ծայրահեղ զուսպ լինել

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 19-ին՝ ժամը 21։30-ին, հրավիրել էր արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել են խորհրդից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհուրդն արձանագրել է, որ ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին:

«Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգել է այն հետևությանը, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում, անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խորհուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում», - ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։