20 մայիսի 2019 - 10:45 AMT
Նազարյան. Դատարանները 1 տարի ունեին ինքնամաքրման համար, բայց դա չեղավ

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատական համակարգին և դատարանների մուտքերը փակելու ակցիային։

«Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության և ազդեցության է գործել։ Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին։ Պետք է ինքնամաքրվեին, սեփական համակարգի արատները վեր հանեին, հրաժարվեին հին սովորություններից ու պրակտիկաներից։ Պետք է ազատվեին կոռումպացված և հին համակարգի հետ մասնավոր շահերով կապված դատավորներից։ Եվ պետք է գնային ՀՀ-ում իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելուն։ Սակայն դա տեղի չունեցավ», - գրել է Նազարյանը:

Նա նշել է, որ դատական համակարգը մնաց անհաղորդ ժողովրդի պահանջներին և հեղափոխության բերած ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին։

«Դատարանները մնում են անվստահելի առանց բացառության բոլոր կողմերի համար, այդ անվստահությունը ճգնաժամեր է առաջացնում։ Այսօրվա ժողովրդական ակցիայով մենք ցանկանում ենք, որ դատարանները և դատական ողջ համակարգը առերեսվի Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության փաստին, պարտավորված զգա իրական և խորքային ռեֆորմներով արձագանքել մեր երկրի փոփոխություններին։ Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին և դատական համակարգին կպարտադրի լուրջ ռեֆորմների գնալ», - ասել է նա:

Նազարյանը կոչ է արել նաև ակցիայի մասնակից համաքաղաքացիներին դատավորների և դատարանների աշխատակիցների նկատմամբ հարգալից լինել, որևէ անկարգության կամ սադրանքի չտրվել։

«Մենք ձևավորում ենք Հայաստան, որտեղ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները գերակա են, որտեղ բռնությունները, կոռուպցիան և անարդարությունը տեղ չունեն», - եզրափակել է ԱԺ փոխխոսնակ:

Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան հայտարարել էր Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասին, որին միացել էին Ազգային ժողովի իշխանական պատգամավորները։