20 մայիսի 2019 - 11:00 AMT
Կաթողիկոսը կոչ է անում ժողովրդին զերծ մնալ բռնությունից

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել՝ խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա կոչ է արել ժողովրդին զերծ մնալ բռնություններից:

«Սիրելի հավատավոր զավակներ մեր, խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները»,-ասվում է ուղերձում:

Ուղերձում նաև հավատ է հայտնվում ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցությանը:

«Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»,-ասվում է ուղերձում:

Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան հայտարարել էր Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասին, որին միացել էին Ազգային ժողովի իշխանական պատգամավորները։