20 մայիսի 2019 - 11:38 AMT
Freedom House-ի փորձագետ. Փաշինյանը կրկին վերադարձավ պոպուլիզմին

Freedom House-ի Հատուկ հետազոտությունների տնօրեն (Director for Special Research) Նեյթ Շենքանը կարծիք է հայտնել, որ հետհեղափոխական Հայաստանում միշտ «առկա էր վտանգը, որ Փաշինյանը կվերադառնա պոպուլիզմին»: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով մայիսի 20-ի առավոտից ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։

«Հետհեղափոխական Հայաստանում միշտ առկա էր վտանգը, որ Փաշինյանը, չկարողանալով արագ ու կայուն կերպով վերափոխել երկիրը, կրկին կտրվի պոպուլիզմին, որի շնորհիվ իշխանության է եկել։ Ահա և այդտեղ ենք»,-ասվում է գրառման մեջ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան կոչ էր արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Վարչապետը համապատասխան գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում։ «Առավոտյան ժամը 08։30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը։

Ավելի վաղ նա գրել էր, որ մայիսի 20-ին հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է «հայկական հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։ Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, նրա նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել էին ԼՂՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: