20 մայիսի 2019 - 13:54 AMT
Զելենսկին ցրել է Գերագույն ռադան

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին երդմնակալության ժամանակ հայտարարել է Գերագույն ռադան ցրելու մասին:

«Ես ցրում եմ 8-րդ գումարման Գերագույն ռադան»,-հայտարարել է Զելենսկին: Ուկրաինական խորհրդարանի արտահերթ ընտրությունները կկայանան ամռանը, գրում է Deutsche Welle-ն:

Ռադան ցրելու մասին Զելենսկու որոշման վերաբերյալ հայտնի դարձավ մայիսի 18-ին, երբ ուկրաինական ԶԼՄ-ները հրապարակեցին համապատասխան հրամանագրի նախագիծը: Ըստ Ուկրաինայի օրսնեդրության, Ռադան կարելի է լուծարել 3 դեպքում՝ եթե խորհրդարանում չկա կոալիցիա, եթե Ռադան նիստ չի գումարել 1 ամսվա ընթացքում կամ եթե չի կարողանում կառավարություն ձևավորել: Ըստ Սահմանադրության Ռադայի լուծարման մասին հրամանագիր կարող է ստորագրել միայն երկրի նախագահը:

Մայիսի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը: Նա երդվել է Աստվածաշնչի վրա և ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: Արարողությունը մեկնարկել է օտարերկրյա հյուրերի ներկայացմամբ, որոնց թվում էր նաև ՀՀ պատվիրակությունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ:

Զելենսկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով քվեների 73,22 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 24,45 տոկոսը: