21 մայիսի 2019 - 11:48 AMT
Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք ժամանել էին նրա երդմնակալությանը:

Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին, Ուկրաինայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը, ինչպես նաև սենատոր Ռոն Ջոնսոնը:

«ԱՄՆ-ն Ուկրաինայի շատ հզոր ու լուրջ գործընկերն է, առաջին հերթին, Ռուսաստանի ագրեսիան հաղթահարելու գործում: Մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել ռուսական ագրեսիան Դոնբասում և Ղրիմում: Ուստի մեզ ձեր օգնությունն է հարկավոր: Կցանկանայի հորդորել ձեզ, որ ԱՄՆ-ն շարունակի խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները»,-ասել է Զելենսկին, գրում է «Դոժդը»:

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորանքի համար՝ մոտալուտ հանդիպման հույս հայտնելով:

Զելենսկու երդմնակալությունը տեղի է ունեցել Գերագույն ռադայում մայիսի 20-ին: Ռուսաստանը հրավիրված չէր արարողությանը: