23 մայիսի 2019 - 17:42 AMT
Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է խնդրել Զելենսկուց

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց խնդրել է վերականգնել իր ուկրաինական քաղաքացիությունը: Սահակաշվիլիի փաստաբանը համապատասխան նամակը փոխանցել է Զելենսկու աշխատակազմին մայիսի 22-ին:

Այդ ուղերձում Վրաստանի նախկին նախագահը իրավաբանների վրա հղումով պնդում է, որ ապօրինաբար է զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից: Ըստ միջազգային իրավունքի, «չի կարելի մարդուն ընդհանրապես առանց քաղաքացիություն թողնել», ասել է Սահակաշվիլին: Նա հավելել է, որ իրեն պետք չեն «պաշտոններ ու արտոնություններ», գրում է Deutsche Welle-ն:

2019-ի ապրիլին Սահակաշվիլին դիմել էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարությանը, ՆԳՆ-ին և Պետական սահմանապահ ծառայությանը մուտքի արգելքը չեղարկելու խնդրանքով, սակայն նրան մերժեցեին:

2017-ի հուլիսին այն ժամանակվա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հրամանագրով զրկեց Միխայիլ Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից: Նույն տարվա սեպտեմբերին Սահակաշվիլին հատեց լեհ-ուկրաինական սահմանն իր կողմնակիցների հետ: 2018-ի փետրվարին Վրաստանի նախկին նախագահին արտաքսեցին Լեհաստան: Նույն ամսում նա կացության իրավունք ստացավ Նիդերլանդներում: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն արգելել է նրա մուտքը երկիր մինչև 2021-ի փետրվարի 13-ը: