23 մայիսի 2019 - 18:13 AMT
ԵՄ անդամ երկրներ. Դատաիրավական համակարգի բարեփոխումը կենսական է ՀՀ-ի ապագայի համար

Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարել են, որ դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները՝ հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա կենսական է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար:

«Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառույթուններին, որոնք բխում են մասնավորապես Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից և քաղաքացիական հասարակության և միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից: Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի և օրենքի գերակայության հիմնարար հենասյուն», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում ստանձնած փոխադարձ պարտավորություններին համահունչ, ինչպես նաև որպես Հայաստանի Արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակման աջակցությանն ուղղված քաղաքական երկխոսության բաղակացուցիչ մաս՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական և ֆինանսական օժանդակություն:

«Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ ԵՄ-ն ընդունում է արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վճռական հանձնառությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները նույնպես հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը: