24 մայիսի 2019 - 10:26 AMT
ԿԳ նախարար. Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր փուլ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին.

«Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։

Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում և համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին և հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ և հաստատուն կամք:

Հարգելի՛ մանկավարժներ, այսօր հասուն կյանք ճանապարհում եք ձեր կողմից կրթված ևս մեկ սերնդի, որը համադրելով ձեր կողմից ստացած գիտելիքներն ու պատգամները և երիտասարդական եռանդը՝ ապահովելու է մեր երկրի զարգացումն ու կառուցելու է մեր երազած ապագան»,-ասվում է ուղերձում։

Նախարարը, շնորհավորելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին վերջին դասի կապակցությամբ, մաղթել է տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն։