24 մայիսի 2019 - 10:43 AMT
Պոզներ. Փաշիննյանն ինքն էլ է լրագրող եղել, եթե նրան վարչապետն ընդուներ՝ չէ՞ր զարմանա

Հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները, որը Երևանում մասնակցել է իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի շնորհանդեսին, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին նա ասել է գրքի շնորհանդեսի ժամանակ:

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը 1,5 ժամ է տևել: Դա ճաշկերույթ էր, ոչ թե հարցազրույց»,-ասել է Պոզները, հայտնում է pozneronline.ru-ն:

«Երբ այսօր հանդիպում էի Փաշինյանյի հետ, մտածեցի՝ վարչապետն ուրի՞շ գործ չունի, ինչո՞ւ է լրագրողի հետ հանդիպում: Մտածեցի՝ Փաշինյանն ինքն էլ է լրագրող եղել, և եթե նրան այն ժամանակ վարչապետն ընդուներ, չէ՞ր զարմանա»,-ասել է նա:

Պոզներն ասել է, որ ինքը ոչ լեգենդար է, ոչ էլ մեծ, ուղղակի լավ է կատարում իր աշխատանքը և չի համարում, որ յուրահատուկ ինչ-որ բան է անում:

Պոզները Հայաստան է ժամանել մայիսի 22-ին: Մայիսի 23-ին նա վարպետության դասով է հանդես եկել Հայ-ռուսական համալսարանի ուսանողների առջև: Մայիսի 24-ին Պոզները կլինի ARARAT Speakers Night նախագծի հյուրը, կշփվի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, կպատասխանի նրանց հարցերին: