24 մայիսի 2019 - 11:21 AMT
ԱԳՆ. Բելառուսական հրթիռների վաճառքն Ադրբեջանին անընդունելի է

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բելառուսական belsat.eu կայքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի համար անընդունելի է, որ բելառուսական կողմը հրթիռային համակարգեր է վաճառում Ադրբեջանին «հարավային Կովկասում բալանսի համար»:

«Մենք դա չենք ընդունում, դա անընդունելի է: Մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ շրջանակում և պարտավորություններ ունենք: Այն, ինչ վերաբերում է Ադրբեջանում բելառուսական զենքին, ապա խնդրում եմ հաշվի առեք, որ այդ զենքից մեր հայրենակիցներն են մահանում: Բելառուսի համար դա բիզնես է, մեր համար՝ զենք, որից սպանում են մեր մարդկանց: Ուստի մենք շատ զգայուն ենք այդ հարցում: Այսինքն դա ոչ թե զգայունություն է, այլ ուղղակի անթույլատրելի է»,-ասել է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե կան արդյո՞ք փաստարկներ այդ բիզնեսը սահմափակելու հարցում Բելառուսին համոզելու համար՝ Մնացականյանն ասել է, որ անվտանգության բացակայությունը Հարավային Կովկասում շատ վատ հետևանքներ կունենա:

«Դա վերաբերում է ոչ միայն մեր տարածաշրջանին: Սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում չի նպաստում կայունությանը: Մենք հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին և մենք շատ հստակ դիրքորոշում ունենք այդ հարցում: Գլխավորն այն է, որ դա ինչ-որ անորոշ հարց չէ, այլ հարց, որը վերաբերում է մեր մարդկանց էքզիստենցիալ անվտանգությանը»,-ասել է նա:

Այդ համատեքստում ԱԳ նախարարը հիշեցրել է հակամարտության բարդ պատմությունը: «90-ականներին մի իրավիճակ էր, երբ Լեռնային Ղարաբաղն ոււղակի կարող էր չլինել: 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի 40 տոկոսն Ադրբեջանն օկուպացիայի էր ենթարկել և մեր բնակչության 40 տոկոսն էթոնիկ զտումների է ենթարկվել: Հայաստանը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Ղարաբաղը կարողացել է պաշտպանել ինքն իրեն»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր ստեղծված անվտանգության համակարգը պահպանվում է զուտ Լեռնային Ղարաբաղի ուժերով:

«Կրկնեմ ևս մեկ անգամ՝ ՀՀ-ն եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Մեզ համար դա էքզիստենցիալ հարց է մի իրավիճակում, երբ հայազգի մադուն սպանողը դառնում է Ադրբեջանի ազգային հերոս, երբ վերջնագրեր են ներկայացվում, որին հաջորդում է ագրեսիայի փորձը, ինչպես 2016-ի ապրիլին: Մեզ համար դա ևս մեկ հաստատում է, որ հարցն առնչվում է կոնկրետ մարդկանց էքզիստենցիալ անվտանգությանը: Նրանք կոնկրետ մարդիկ են, անուններ ու ազգանուններ ունեն: Դա ինչ-որ վերացական բան չէ մեզ համար: Պաշտպանության պոտենցիալը հուշում է, որ այո, կլինեն հետևանքներ, և դրանց կառնչվեն բոլորը»,-ասել է նա:

Վերջում Մնացականյանը հավելել է, որ իրավիճակի ցանկացած սրացում չի նպաստում խաղաղությանը՝ «դա պատասխանատվության հարց է»:

2018-ի սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն: