24 մայիսի 2019 - 12:03 AMT
Միրզոյան. Անցումային արդարադատության նպատակը հանրային համերաշխությունն է

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարել է, որ անցումային արդարադատության նպատակն է ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծումներ և հանգեցնել հանրային համերաշխության։

«Այն պետք է օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը․ սա թերևս ամենաէական ուղեձրն է, որը պետք է մտքներումս պահենք»,- եզրափակել է Արարատ Միրզոյանը։

Նա շեշտել է նաև, որ անցումային արդարադատությունը «տրոյկա» դատարանների և արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և վճիռներ կայացնել։ Միրզոյանը նշել է, որ բազմաթիվ քննարկումներ են ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք վերաբերում են անցումային արդարադատությանը և, այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերի պատասխանները տալ միասնական, ներառական, առավել լայն հանրային քննարկման ճանապարհով։

«Կան հարցեր, կան որոշումներ, որոնք պիտի կայացնենք բոլորս միասին՝ այսպիսի, գուցե հետագայում նաև այլ լսումների, քննարկումների ճանապարհով»,-շեշտեց Միրզոյանը։

Այդ խնդիրները հասկանալու համար, ըստ ԱԺ նախագահի, պետք է պատասխանել մի քանի հարցերի․ ի՞նչ է, ի վերջո, անցումային արդարադատությունը, ինչպիսի՞ գործիքներ ունի, որքանո՞վ է այս փուլում ՀՀ-ում անհրաժեշտություն կիրառել անցումային արդարադատության գործիքները։ Այդ գործիքներից որո՞նք է անհրաժեշտ կիրառել, ի՞նչ չափավ, ո՞րն է անցումային արդարադատության է վերջնանպատակը , ինչպիսի՞ն է միջազգային փորձն այս առումով։

«Սկզբի համար թերևս պետք է հասկանանք, թե ինչու գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը, իրականացնել արդար, անկախ արդարադատություն և ինչու պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին։ Բոլորիս համար թերևս փաստ է, որ դատական համակարգն ունի տարիներ շարունակ կուտակված լրջագույն խնդիրներ»,-ասել է Միրզոյանը։

Նա անդրադարձել է նաև տարբեր ոլորտներում անցումային արդարադատության կիրառման հարցերին:

«Տնտեսական հանցագործությունների մասով․ հարցեր են հնչում զանազան շրջանակներից՝ կիրառել, թե չկիրառել, օրինակ, հարկային համաներում, ինչպիսի մեխանիզմներ սահմանել, որպեսզի մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք ապօրինի ճանապարհով են հարստացել, վերադարձնեն իրենց կուտակած հարստությունը պետությանը, հանրությանը և գնան, շարունակեն ապրել իրենց խաղաղ ամենօրյա կյանքով։ Անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականների մասով․ մենք պիտի հասկանանք՝ կա արդյոք դրա անհրաժեշտությունը, թե ոչ։ Եթե կա՝ ժամանա՞կն է արդյոք, թե պետք է սպասել 20 տարի», - ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ պետք է հասկանալ, ի վերջո, դատական համակարգը ներկայացնու՞մ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնու՞մ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՝ ոչ։