25 մայիսի 2019 - 10:32 AMT
Օպերայի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանի նշանակմանը

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին՝ որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի:

Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ:

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 27-ին, ժամը՝ 14:00-ին, տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները: Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ընտրվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ:

Մինչ այդ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատարան է դիմել՝ իրեն թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Դիրիժորը մասնավորապես պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14-ի ՀՀ վարչապետի որոշումը, ինչպես նաև մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի՝ 2019-ի մարտի 3-ի հրամանը։

Օրբելյանը մարտի 26-ին մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու թատրոնի տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1- ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Արտիստները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խոստացել էին հակափաստարկներ ներկայացնել ի պաշտպանություն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի։