25 մայիսի 2019 - 12:58 AMT
ՀՀ ԱԳՆ-ն՝ CNN-ին. Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմը անհնարին դարձրեց Մխիթարյանի Բաքու մեկնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը CNN-ի հետ զրուցում ասել է, որ Ադրբեջանն անդառնալիորեն բաց է թողել հնարավորությունը՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը:

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումները, անհանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- ասել է Նաղդալյանը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալը» և «Չելսին»:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: