29 մայիսի 2019 - 12:53 AMT
Սիմոնյանը՝ բուքմեյքերականներին․ 63,000 մարդու նստացրել են խաղի վրա

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բուքմեյքերական ընկերությունների բողոքող աշխատակիցներին առաջարկել է փոխհատուցել իրենց գույքն ու աշխատավարձը կորցրած մարդկանց, հայտնել է ArmLur-ը։

Նա ընդգծել է, որ այդ ընկերությունները 63,000 մարդու նստացրել են խաղի վրա։

«Թող նրանք բոլորը փոխհատուցեն այն մարդկանց, որոնք կորցրել են իրենց բնակարանները խաղադրույքներ կատարելով», - ասել է ԱԺ փոխխոսնակը։

Սիմոնյանը նկատել է, որ բուքմեյքերական ընկերությունների առաջարկները նախկինում ընդունվել են։

«Իրենք առաջարկում էին 500 մլն դրամի երաշխավճարը հանել, հանել ենք, պահանջում էին, որ առնվազն մեկական գրասենյակ մնա Երևանում, մենք թույլատրել են բոլորի գործունեությունը մինչև 2020 թվականը», - ասել է Սիմոնյանը։

Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի մոտ․ նրանք բողոքում են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի դեմ։

Ավելի վաղ նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ հանձնաժողովում՝ ընդգրկվելով լիագումար նիստի օրակարգ․ դրանով արգելվում է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Երևան քաղաքում։

Ցուցարարները պահանջում են հանդիպում օրենսդիր մարմնի ղեկավարի հետ․ նրանք արգելափակել են Բաղրամյան պողոտան։