8 հունիսի 2019 - 10:32 AMT
Տոնոյանը ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տարածաշրջանում անվտանգային իրավիճակը ներկայացրել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին:

Տոնոյանը ներկայացրել է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրադրությունը, անդրադարձել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան և ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Գեներալ Ջեյմս Ջոնսը 1999-2003թթ. զբաղեցրել է ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարի, 2003-2006թթ.՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն հրամանատարի, 2009-2010թթ.՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները: