Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը վաճառվել էր ռեկորդային $450 միլիոնով, հայտնաբերել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի զբոսանավում, հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ կտավը կմնա զբոսանավի վրա, մինչև որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մշակութային կենտրոն կկառուցեն, որտեղ նախատեսվում է ցուցադրել նկարը:
Մայիսի 26-ի դրությամբ զբոսանավը գտնվում էր Կարմիր ծովում՝ եգիպտական Շարմ էլ Շեյխի մոտ:
Մարտին The New York Times-ը հայտնել էր, որ «Աշխարհի փրկիչը» կտավն անհետացել է: Ըստ պարբերականի, կտավը պետք է ցուցադրվեր ԱՄԷ Լուվրի մասնաճյուղում, սակայն այն թանգարանւմ չի եղել և աշխատակիցներից ոչ ոք չգիտեր, թե որտեղ է այն:
Ավելի ուշ Christie's աճուրդի տունը հայտնեց, որ մեծ նկարչի կտավը փոխանցվել է նոր սեփականատիրոջը 2017-ի դեկտեմբերին, գնումից անմիջապես հետո: Նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել: Ըստ պարբերականի, աճուրդում կտավը գնել էր սաուդացի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը ռեկորդային $450 միլիոնով: