11 հունիսի 2019 - 12:52 AMT
ՀՀ-ն ու ՌԴ-ն Ուրարտուի մասին ցուցահանդեսի շուրջ են բանակցում

Հայաստանի պատմության թանգարանն ու ՌԴ Պուշկինի անվան թանգարանը բանակցում են ուրարտական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդես նախապատրաստելու շուրջ, որը կարող է համաշխարհային սենսացիա դառնալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկյացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Շվիդկոյը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողովին», որը պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է ֆրանսիական Շամոնիի սահմաններից դուրս, և Հայաստանն առաջինն է հյուրընկալում այս հեղինակավոր միջազգային միջոցառումը:

«Մոսկովյան թանգարանում շատ հետաքրքիր նմուշներ կան: Շատ մեծ հավաքածու կա մյուս թանգարանւմ»,-ասել է Շվիդկոյը՝ հավելելով, որ ցուցադրությունը հետաքրքիր կլինի հայ և ռուս հանրությանը, սակայն, անկասկած, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև այլ երկրներում: «Դա վառ պատմություն կլինի: Նման տիպի նախագծերը չափազանց կարևոր են»,-ասել է նա:

Շվիդկոյը շեշտել է հայկական զգալի ներկայությունը ռուսական մշակույթում, որպես օրինակ բերելով Արամ Խաչատրյանին և Առնո Բաբաջանյանին, «Մոսֆիլմի» տնօրեն Կարեն Շախնազարովին: Նա հավելել է, որ հայ դասական Հրանտ Մաթևոսյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: «Այս ամենը լավ հիմք է մշակութային կապերի համար, սակայն, կան նաև խնդիրներ: Մեզ անծանոթ է ժամանակակից հայ գրականությունը, ռուսականն էլ ՀՀ-ում բավականաչափ լավ չէ ներկայացված: Կինոյում գործակցությունը շատ թույլ է»,-ասել է նա:

Շվիդկոյը կարևորել է երիտասարդական փոխանակումները, ինչը կնպաստի ժամանակակից արվեստը երկուստեք ներկայացնելուն՝ հավելելով, որ վերոնշյալ հարցերի շուրջ խոսել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Դիլիջանում: