11 հունիսի 2019 - 14:17 AMT
Կովկասի ամենամեծ՝ Tbilisi Open Air երաժշտական փառատոնը 10 տարեկան է

Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ երաժշտական Tbilisi Open Air փառատոնը 2019 թվականին նշում է 10-ամյակը: Այս տարի փառատոնը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Lisi Wonderland համերգասրահում հունիսի 21-23-ը:

Փառատոնին կմասնակցեն միջազգային հայտնի այնպիսի խմբեր, ինչպիսիք են Franz Ferdinand-ը, Mogwai-ն, UNKLE-ը, Rhye-ը, The Subways-ը և այլն:

Փառատոնի կազմակերպիչները չորս տարբեր բեմ են նախապատրաստել երաժիշտների համար՝ Main Stage, EYESTAGE, Garden Stage և Singer Stage:

10 տարում Tbilisi Open Air փառատոնը ընդգրկել է ավելի քան հազար արտիստի: Նախորդ տարիներին կայացած փառատոններում ելույթ են ունեցել Deep Purple-ը, Placebo-ն, Archive-ը, Anathema-ն, Tricky-ն և այլ հայտնի խմբեր ու անհատ երաժիշտներ:

Փառատոնի մասնակցության համար հասանելի են առցանց տոմսեր: Փառատոնի երեք օրվա մուտքի տոմսն արժե 180 լարի կամ մոտ $55, մեկ օրվա մուտքինը՝ 75 լարի կամ մոտ $23, իսկ երեկոյան մուտքի տոմսը՝ 35 լարի կամ $11: