11 հունիսի 2019 - 15:38 AMT
«Ծաղկաձոր Մարրիոթը» ԱԻՆ-ի հետ հակահրդեհային վարժանք է արել

Հունիսի 11-ին «Ծաղկաձոր Մարրիոթ» հյուրանոցը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրականացրել է հակահրդեհային համատեղ վարժանք:

Ընդհանուր սցենարով, հյուրանոցում հրդեհ է, և ամբողջ տարածքը պետք է տարհանվի: Գլխավոր մասնաշենքում հնչել է հրդեհը ազդարարող նախազգուշացում, որպեսզի բոլոր աշխատակիցները դուրս գան շենքից: Հակահրդեհային խումբը և փրկարարները տարհանել են շենքում գտնվող հյուրերին:

Վարժանքը ամեն տարի անցկացվող անվտանգության ապահովության միջոցառումների շարքից է, որոնք կազմակերպվում են հյուրանոցի անվտանգության բաժնի կողմից: «Ծաղկաձոր Մարրիոթ» հյուրանոցի հիմնական նպատակն է իր հյուրերին և աշխատակիցներին անվտանգ և ապահով միջավայր տրամադրելը:

Հյուրանոցի բոլոր բաժինները պարտավոր են մասնակցել այս վարժանքներին, որպեսզի հյուրանոցի յուրաքանչյուր աշխատակից պատրաստ լինի ցանկացած արտակարգ իրավիճակի:

Հյուրանոցը նաև նպատակ ունի շարունակելու գործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ և նմանատիպ վարժանքներ անցկացնել շարունակական կերպով: