12 հունիսի 2019 - 11:41 AMT
Նախարար. Սևանի մակարդակը 1 սմ-ով ցածր է 2018-ի ցուցանիշից

Սևանի ավազանում ջրի մակարդակը 45-54 սմ տատանում է ունենում տարվա ընթացքում՝ ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձր մակարդակը՝ նույն իրավիճակն է նաև այս տարի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով, սակայն, Սևանի ջրի մակարդակը 2018-ի նույն օրվա համեմատությամբ 1 սմ-ով ցածր է։ Նախարարը բացատրել է, որ նախորդ օրերին հավասար էր, բայց հիմա նվազել է, հայտնում է Shantnews-ը։

Ինչ վերաբերում է ամառային սեզոնին հնարավոր ջրառին, նախարարը նշել է, որ հաշվի առնելով ջրամբարների լցվածությունը և այլն՝ կարծում է, որ 2019-ին լրացուցիչ ջրառի կարիք չի լինի։

Գրիգորյանի խոսքերով՝ իրենք նույնիսկ առաջարկել են, որ 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, որ օրենքով սահմանված շեմն է, վերցվի 135 միլիոն խորանարդ մետր ջուր։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստին հայտարարել էր, որ 2019-ին ջրառը Սևանալճի փոխարեն Արփա գետից կիրականացվի: