12 հունիսի 2019 - 12:02 AMT
Ամուլսարի հանքի փորձագիտական վերջնական գնահատականը ՔԿ-ն կունենա հունիսի 28-ին

ՀՀ քննչական կոմիտեն Ամուլսարի ոսկու հանքի ամբողջական և վերջնական եզրակացությունը ստանալու է հունիսի 28-ին: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

«Այս պահին Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության դեռևս երկու ոլորտին վերաբերող եզրակացությունն ենք ստացել, այն էլ նախնական՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման եզրակացությունները», - հայտնեց Հարությունյանը:

Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Աննա Սաղաբալյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընկերությունը դեռևս չի ստացել նախնական եզրակացությունը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, որը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում:

Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։