12 հունիսի 2019 - 14:13 AMT
Քոչարյանի կալանքի գործով դատական նիստը կշարունակվի հունիսի 14-ին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու որոշման դեմ բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին։

Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ կասկածելի են համարում դատախազ Պետրոս Պետրոսյանի՝ վերաքննիչ երկու բողոքի մակագրումը հենց Արմեն Դանիելյանին, նշելով, որ վերջինս բավարարում է դատախազների բողոքները։

Դատավորը հետաձգել է նիստը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին՝ ժամը 10։30-ին։

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քննվում էր Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։