12 հունիսի 2019 - 14:42 AMT
Արարատի մարզպետ. Ունենք կրթված բարեկամներ, որոնք կարող են պաշտոններ զբաղեցնել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու չի հետևում վարչապետի հորդորին՝ ազատվել ծանոթ, բարեկամներին աշխատանքի նշանակելու արատավոր երևույթից:

«Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե առհասարակ պետք է աշխատանք ունենան, իրենց տեղը գտնեն»,- ասել է նա, հայտնում է Shantnews-ը:

Գարիկ Սարգսյանը նաև անդրադարձել է իր այն բարեկամներին, ում ինքն աշխատանքի է նշանակել հենց մարզպետարանում` նշելով, որ 133 աշխատակիցներից միայն երկուսն են իր բարեկամները:

«Ունեմ մի զարմիկ, որ նշանակել եմ ինձ օգնական և ունեմ ևս մեկ ազգակցական, բարեկամ, որին նշանակել եմ ինձ խորհրդական, որովհետև գտել եմ, որ մեր համատեղ աշխատանքը կարող է արդյունավետ լինել»,- ասել է մարզպետը: