12 հունիսի 2019 - 15:27 AMT
Վրաստանը որոշել է մասնակցել Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին

Վրաստանն առաջիկայում կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ադրբեջանական Գաբալայում՝ երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում:

«Մեր ռազմավարական գործակցության չափորոշիչներից մեկը զորավարժությունների անցկացումն է: Մենք ասյօր որոշեցիքն, որ Վրաստանը ևս կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին»,-ասել է Իզորիան:

Իզորիան հավելել է, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, հայտնում է Interfax.az-ը:

«Հանդիպմանը մենք ևս մեկ անգամ հաստատեցինք, որ ճանաչում ենք միմյանց տարծքային ամբողջականությունը»,-հավելել է նա: Իզորիան շեշտել է, որ Գաբալայի հանդիպումը կարևոր էր «երեք երկրների ժողովրդների անվտանգության ապահովման տեսակետից»:

Հունիսի 12-ին ադրբեջանական Գաբալայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Եռակողմ ձևաչափով գործակցության զարգացման շուրջ կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: