14 հունիսի 2019 - 10:54 AMT
ԱՄՆ կոնգրեսականն առաջարկել է լրացուցիչ $40 մլն հատկացնել ՀՀ-ին

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Սփիրն առաջարկել է 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացնել $40 մլն-ով: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը:

«Նախորդ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն: Հայաստանի Թավշյա հեղափոխությունը ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ամենը տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, և մենք պետք է անենք ամեն հնարավորը` նրանց աջակցելու համար», - ասել է Սփիրը:

Նա ընդգծել է 2018-ին Հայաստանում անցկացված ժողովրդավարական ընտրությունները, որոնց արդյունքում իշխանության է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս նրա կառավարությունը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որով գումար է հատկացվում՝ աջակցելու Հայաստանում տնտեսական աճին և դատական համակարգի բարելավմանը», - ասել է Սփիրը: