14 հունիսի 2019 - 11:13 AMT
Օրինագիծ. Դեսպան կարող են դառնալ դիվծառայության առնվազն 15 տարվա փորձ ունեցողները

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ են դրել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծ:

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված նախագծով սահմանվում է, որ դիվանագիտական ներկայացուցիչ կամ դեսպան նշանակվելու համար անձը պետք է ունենա դիվանագիտական ծառայության առնվազն 15 տարվա փորձ։

Նախագծով առաջարկվում է նաև սահմանափակել քաղաքական և այլ նկատառումներով դեսպանների նշանակումը:

Գործող օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է խմբագրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, որի 2-րդ կետով կսահմանվի, որ դիվանագիտական ներկայացուցչին վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ՝ այլ անձանց շրջանակից:

«Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ դիվանագիտական ներկայացուցչին այլ անձանց շրջանակից նշանակումը, որը պայմանավորված կլինի արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ՝ տվյալ ձևակերպմամբ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին և վերոնշյալ իրավունքի կրողը կարող է դրսևորել հայեցողական վարքագիծ, քանի որ պարզ չէ, թե որ դեպքում նշվածը կհամարվի նպատակահարմար: Բացի դրանից Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի խմբագրման արդյունքում ստացվում է, որ դիվանագիտական ներկայացուցչին ներկայացվող Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված չափանիշները վերաբերվում են նրանց և նշանակման և հետ կանչման դեպքերին», - ասված է հիմնավորման մեջ: