14 հունիսի 2019 - 11:40 AMT
Փաշինյանը՝ Բակո Սահակյանի միջնորդության մասին. Ուղղակի միջամտել է դատական գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությանը:

«Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ բարոյական առումով այդ քայլը կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով «որքանով է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա»։

«Գործող նախագահը, ով ունի նաև ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ և այդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին, որքանով է սա ընդունելի։ Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է, և այդպես պետք է լինի, և պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, և այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին, որ միջնորդում եմ, որ Դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանով կարող ենք այս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։