14 հունիսի 2019 - 13:12 AMT
Հարցում. ՀՀ-ն բարեկամ երկիր է համարում ռուսաստանցիների 22%-ը

Ռուսաստանցիների 22 %-ը բարեկամ երկիր է համարում Հայաստանը՝ ՀՀ-ն ընդգրկվել է ՌԴ դաշնակից, բարեկամ երկրների 5-յակում: Այդ են վկայում «Լևադա կենտրոնի» սոցհարցման արդյունքները:

ՀՀ-ից բացի, որը 4-րդ տեղում է, ՌԴ բարեկամ երկրների առաջին 5-յակում են Բելառուսը (62%), Չինաստանը (42%), Ղազախստանը (38%): ՌԴ-ում բարեկամ ընկալվող երկրների հնգյակը եզրափակում է Ադրբեջանը 16%-ով,գրում է «Վեդոմոստին»:

2018-ին ՀՀ-ն բարեկամ երկիր էր համարում ռուսաստանցիների 11 տոկոսը: ԱՊՀ մյուս երկրների դրական ընկալումը ՌԴ-ում մեկ տարում ևս աճել է՝ Բեալռուսինը 49%-ից մինչև 62%, Ղազախստանինը՝ 32-ից մինչև 38%, Ադրբեջանինը՝ 8-ից 16%:

Ռուսաստանի համար թշնամի երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Լատվիան և Լիտվան:

«Վերաբերմունքն ԱՊՀ երկրներին առաջին հերթին բացատրվում է նրանով, որ թշնամանքի բացակայությունը, այդ թվում ԶԼՄ-ներում, արդեն դիտարկվում է որպես բարեկամություն: Ասնեք, բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տպավորություն են ստեղծում, որ Հայաստանը բարեկմական երկիր է»,-ասել է «Լևադա կենտրոնի» տնօրեն Լև Գուդկովը:

Ըստ քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի, այն մասին, որ Լուկաշենկոյի դեմ երբեմն քարոզարշավ է գնում, կամ որ Փաշինյանը եկել է իշխանության Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում, գիտի ռուսաստանցիների միայն մի քանի տոկոսը: «Մյուսները տեսնում են, որ այդ երկրները չեն անդամակցում ՆԱՏՕ-ին, հեռուստատեսությամբ այդ երկրները չեն քննադատվում, իսկ նրբությունները շարքային մարդկանց չեն հետաքրքրում: Ուստի ցանկություն է առաջանում ավելի քիչ թշնամիներ որոնել և ավելի շատ զբաղվել ներքին գործերով՝ դաշնակիցներով շրջապատված»,-ասել է նա: