15 հունիսի 2019 - 13:50 AMT
Ուրիխանյան. ԲՀԿ ղեկավարի հետ կոնֆլիկտի մասին լուրերը ծիծաղելի են

Մանդատից հրաժարվելու մասին հայտարարած ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, անդրադառնալով իր որոշմանը, հայտարարել է, որ ԲՀԿ ղեկավարի հետ որևէ կոնֆլիկտի մասին խոսք լինել չի կարող

«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ՝ առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ։

Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։ Ամեն ինչ առջևում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», - նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ «Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու», - գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։