15 հունիսի 2019 - 16:10 AMT
Պլաստմասե տարաներ արտադրող ընկերությունը 500 աշխատատեղ է ապահովել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամաս։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Խաչատրյանը շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթանալով արտադրական գործընթացներին։ Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ, որոնք լայնորեն կիրառվում են սննդամթերքի արտադրությունում, բժշկության, դեղագործության ոլորտներում և կենցաղում:

«Օվալ պլաստիկի» հիմնադիր Վարուժան Խալաթյանը նախարարին է ներկայացրել արտադրական հզորությունների ավելացման ծավալները, արտադրատեսակաների ընդլայնումը և նոր տեխնոլոգիաները, որոնց միջոցով ընկերությունը ստանում է ինչպես պլաստիկ թաղանթներ առաջադրած հաստության, այնպես էլ բարդ կազմաձևման կաղապարված արտադրանք, ինչպես նաև իրականացնում է տեսակավորված տպագրություն: Վարուժան Խալաթյանի խոսքով՝ 2018 թվականին գրանցվել է արտադրության 11.9 % և արտահանման 21.8% աճ։

Ընկերության արտադրանքը իրացվում է ներքին շուկայում՝ ապահովելով ներմուծման փոխարինում, ինչպես նաև արտահանվում ԵԱՏՄ երկրներ և Վրաստան: Ընկերությունում աշխատում է մոտ 500 մասնագետ։

Նախարարը Առաջին Հանրապետության Անկախության տոնի առթիվ Նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանին։ Այս տարի լրանում է ընկերության հիմնադրման 20-ամյակը և հիմնադրի աշխատանքային գործունեության 50-ամյակը։

«Մեզ համար չափազանց կարևոր են տնտեսության մեջ այն առողջ օղակները, որոնք ոչ միայն ռիսկի են գնում և սկսում նմանատիպ նախաձեռնություններ, արտադրություններ, այլև ապահովում են երկարաժամկետ զբաղվածություն։ Այսպիսի հաստատակամությունը և հետևողականությունը պետք է փոխանցվի նման նախաձեռնությունների շարունակողներին»-, նշել է նախարարը՝ հաջողություն մաղթելով ընկերությանը հետագա նախաձեռնությունենրում։