17 հունիսի 2019 - 17:22 AMT
Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Եվրոպայի խորհուրդ» թեմային

2019ի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ՝ նվիրված «Եվրոպայի խորհուրդ» թեմային:

Փոստային բացիկի նամականիշի կենտրոնական հատվածում պատկերված է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակի շենքի ճակատը և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» կարգախոսը՝ անգլերեն լեզվով: Նամականիշի աջ հատվածում պատկերված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարբերանշանը և ԵԽ պաշտոնական լոգոտիպը: Փոստային բացիկի ստորին ձախ հատվածում տեղադրված են «Եվրոպայի խորհուրդ» և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» գրառումները՝ հայերեն լեզվով:

Փոստային բացիկի դարձերեսին ներկայացված է Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակը և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» երկլեզու գրառումը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը:

Փոստային բացիկի դիզայներն է Վահագն Մկրտչյանը, նամականիշի չափսերն են` 35,0 x 25,0 մմ, բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ: Փոստային բացիկը տպագրվել է «Ասողիկ» տպարանում 1000 հ. տպաքանակով:

Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատաինի-Դրագոնին, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: