22 հունիսի 2019 - 11:17 AMT
Պուտինն արգելել է թռիչքները դեպի Վրաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան: Արգելքը կլինի ժամանակավոր և ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից:

Տուրօպերատորներին և զբոսաշրջային գործակալություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ դեպի Վրաստան ուղեգրերի վաճառքից: Բացի այդ, Պուտինը հանձնարարել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիներին և նրանց ուղեբեռը ՌԴ վերադարձնելու ուղղությամբ, գրում է «Վեդոմոստին»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արգելքը համարել է պարտադրված միջոց: Թռիչքների դադարեցման ժամկետը ընտրվել է հուլիսի 8-ը, քանի որ մինչ այդ զբոսաշրջային կազմակերպված ուղևորությունների մեծ մասն ավարտված կլինի:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: