25 հունիսի 2019 - 12:33 AMT
Միրզոյանն առաջարկում է ընդլայնել կառավարության և ԱԺ լիազորությունները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեղինակել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել կառավարության ու Ազգային ժողովի լիազորություններն՝ ի հաշիվ վարչապետի լիազորությունների:

«Այս փաթեթով փոփոխություն է նախատեսվում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ին ու ՀԾԿՀ-ին, կոռուպցիայի կանխարգելմանը և այլնին վերաբերող օրենքներում։ Փոփոխությունների հիմնական նպատակն է խորհրդարանական կառավարմամբ պայմանավորված՝ կտրուկ բարձրացնել ԱԺ-ի դերը ինքնավար մարմինների ձևավորման հարցում, նաև ԱԺ-ի դերի բարձրացման շրջանակներում՝ ընդդիմադիր և կառավարման ֆրակցիաների դերակատարումների հատուկ ընդգծումն է, ինչպես նաև կոռուպցիայի հանձնաժողովի շուտափույթ ձևավորումը»,- նշել է Միրզոյանը։

Նախագծով առաջարկվում է փոխել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ձևավորման սկզբունքները։

«Այսօր գործող կարգավորումներով՝ այդ հանձնաժողովների նախագահներին և անդամներին ԱԺ-ն նշանակում է վարչապետի առաջարկությամբ: Նոր օրինագծով նախատեսվում է, որ նշված հանձնաժողովների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահվելու է Կառավարությանը։ Նախագիծը նախատեսում է, որ այդ հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները»,- ասել է ԱԺ նախագահը։

Միրզոյանը նաև շեշտել է, որ այս փոփոխություններով լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համար՝ նման մարմիններում իրենց թեկնածություններին առաջադրելու համար։

Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորմանը՝ Միրզոյանն ասել է, որ ինքն առաջարկում է, որ այն ձևավորվի գործադիր, օրենսդիր և դատական իշխանութունների կողմից առաջադրված թեկնածուների կողմից, այն տարբերությամբ, որ այստեղ կարող է մեխանզիմով ձևավորվել նաև առաջին կազմը: