25 հունիսի 2019 - 13:17 AMT
Վրաստանում առաջարկել են անվճար ավտոբուսներ գործարկել ռուսների համար Երևանից և Բաքվից

Վրաստանի Հյուրանոցների և ռեստորանատերերի ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին դիմել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը՝ առաջարկելով անվճար ավտոբուսային երթուղիներ կազմակերպել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Երևանի, Բաքվի և Տրաբզոնի օդանավակայաններից:

Նա առաջարկել է նաև լրացուցիչ չարթերային չվերթներ կազմակերպել դեպի Վրաստան այլ երկրներից, մասնավորապես, Բալթիայի երկրներից, Ուկրաինայից և Ղազախստանից, գրում է «Նաստոյաշչեե վրեմյան»:

Հունիսի 21-ին Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցերից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակավորապես արգելել է ռուսական ավիաընկերությունների թռիչքները Վրաստան:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: