25 հունիսի 2019 - 15:18 AMT
Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը կհանվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանելու մասին միջնորդությունը: Այն ներկայացրել էր Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Մեղադրող կողմը որոշման դեմ չի առարկել, հայտնում է Aysor.am-ը:

Դատական նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը ժամանակ առ ժամանակ վատանում է: Նա թթվածնային դիմակով է շնչում, իսկ նիստերի դահլիճ Գրիգորյանին բերել են անվասայլակով։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։