26 հունիսի 2019 - 10:27 AMT
ՊՆ-ում քննարկվել են ՀՀ և Բուլղարիայի ռազմական ոստիկանությունների գործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ՀՀ և Բուլղարիայի ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել աշխատանքային այցով Երևանում գտնվող Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի հետ:

Համագործակցության շրջանակը ներառում է իրավական կարգավորումների, միջազգային առաքելություններին մասնակցության, անձնակազմի պատրաստության և այլ ուղղություններով փորձի փոխանակումը:

Գաբրիել Բալայանը շնորհակալություն է հայտնել բուլղարական կողմին համագործակցության և, հատկապես, Բուլղարիայում այս տարվա մայիսին անցկացված զորավարժությանը ՊՆ ՌՈ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հնարավորության համար, կարևորել է համագործակցության շարունակական զարգացումը:

Բրիգադի գեներալ Սերտովը ներկայացրել է Բուլղարիայի ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքը և խնդիրները, պատրաստակամություն հայտնել հայկական կողմին փոխանցել կուտակած փորձը՝ հատկապես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համար նոր կամ անծանոթ ուղղություններով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: