26 հունիսի 2019 - 11:30 AMT
2019-ին ՀՀ-ում հաշվառված թմրամոլների թիվն աճել է 6%-ով. Առաջին տեղում Երևանն է, 2-րդ՝ Արմավիրը

Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ թմրամոլների թիվն աճել է 6%-ով:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընթացիկ տարում հաշվառված թմրամոլների թիվը կազմել է 6951, նախորդ տարվա 6544-ի համեմատ, որոնցից 116-ը կանայք են, ափիոնային թմրամոլները՝ 2552-ն են, կանաբինոիդային թմրամոլները՝ 4394, որոնցից կանայք՝ 74, 5-ը՝ կոկաինային թմրամոլներ։

Հաշվառվածներից 64%-ը՝ 28-49 տարեկան են, 19,5%-ը՝ 50-64 տարեկան, 18%-ը՝ 19-27 տարեկան, 65 և բարձր տարիքի 68 անձ, 18 տարեկան՝ 11 անձ, մինչև 16-17 տարեկան՝ 5 անձ:

Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3645 կամ 52%, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 805 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզն է՝ 685 կամ 10%:

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է հռչակագիր, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` ի նշան վճռականության՝ հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։ Այս հռչակագրով առաջարկվում են հետագա միջոցառումները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ընդունված կոնվենցիաների վրա: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը, ըստ 2017 թվականի հունիսի 22-ի թմրամիջոցների ազգային զեկույցի, կազմում է շուրջ 1.4 մլրդ մարդ, նրանցից 29.5 մլն-ն ունի թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։