26 հունիսի 2019 - 11:40 AMT
Նախագահ. ՀՀ-ն տեխնոլոգիաների, գիտության ու կրթության կենտրոն դարձնելու բոլոր նախադրյալները կան

Հայատանը տեխնոլոգիաների, գիտության ու կրթության կենտրոն դարձնելու համար կան բոլոր նախադրյալները: Այդ մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումների ժամանակ:

Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Լիարժեք ապրելու համար մենք պետք է ամեն օր ինչ-որ նոր բան սովորենք, բացահայտենք, սիրենք ու լինենք ստեղծագործ: Ցանկացած առաքելություն սկսվում է երազանքից, որն այնուհետև դառնում է ստրատեգիական ծրագիր, վերջինս էլ՝ առաքելություն ողջ ազգի համար»։

STARMUS փառատոնի շրջանակում նախագահ Սարգսյանը նաև հանդիպումներ է ունեցել մի շարք մասնակիցների հետ։ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանարյան կղզիների Աստղագիտական ինստիտուտի տնօրեն Ֆրանցիսկո Սանչեսի հետ, քննարկել Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցության հնարավորությունները։ Կանադացի հայտնի ֆիզիկոս, 2018թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր Դոննա Սթրիքլենդի հետ նախագահ Սարգսյանը խոսել է գիտության դերի և զարգացման արդի միտումների մասին: Զրուցակիցներն ընդգծել են գիտությամբ զբաղվելու նպատակով երիտասարդությանը խրախուսելու և ոգեշնչելու անհրաժեշտությունը։ Իբրև օրինակ՝ Հայաստանի նախագահը նշել է Դոննա Սթրիքլենդի գիտական նվաճումները և նշանակալի է համարել նրա ավանդը լազերային ֆիզիկայի բնագավառում:

Գիտատեխնիկական առաջընթացն ու Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն են եղել նախագահ Սարգսյանի և «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հանդիպման առանցքային թեմաները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017 թվականին Թոնի Ֆադելն արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին։

Հանդիպումներից հետո պատասխանելով STARMUS -ի նշանակությանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակի դափնեկիրների, տասնյակից ավելի տիեզերագնացների (մասնավորապես «Ապոլլո» հայտնի առաքելության աստղագնացներին), ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների համախմբող փառատոնը գիտությունը պոպուլյար և գրավիչ դարձնելու ձևերից մեկն է: «STARMUS-ը փառատոն է, որտեղ միասին են հանդես գալիս արվեստը, գիտությունը, աստղագիտությունը, մեծ գիտնականները, մեծ երաժիշտները»,-ասել է Արմեն Սարգսյանը: «Երբ ուսումնասիրում ես տիեզերքը, բացի գիտական արժեքից, բացի այն ձևերից, մեթոդներից, որոնք օգտագործում ենք՝ հասկանալու տիեզերքը, վերջինս ունի մի այլ գեղեցկություն: Հետևաբար, այն նաև արվեստ է և ինչ -որ իմաստով ունի բացարձակ ներդաշնակություն, որը կարող ես գտնել նաև երաժշտության մեջ»:

Գիտատեխնիկական զարգացման թեմայի համատեքստում խոսելով ազգերի միջև մրցակցության մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես ասել է. «Եթե ազգն ունի առաքելություն, ապա նա իր ողջ ներուժը հավաքում է մի տեղ, որ այդ նպատակին հասնի: Ես կարծում եմ՝ մեր ազգի նպատակներից մեկը պետք է լինի դառնալ առաջատար տեխնոլոգիական, գիտական երկիր»: Նա գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում շատ երեխաներ ուզում են, օրինակ, ծրագրավորող դառնալ: «Կուզենայի, որ նրանք երազեն ոչ միայն ծրագրավորող, այլ նաև գիտնական՝ մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան կամ արհեստական բանականության մասնագետ դառնալու մասին, որովհետև ապագան նրանցն է: Որպեսզի նման մասնագիտությունները դառնան գրավիչ՝ շատ բան ունեն անելու և՛ նախագահը, և՛ կառավարությունը և՛, ընդհանրապես, պետությունը»,-ասել է նախագահը: Նա կարևոր է համարել, որ երիտասարդները ոգևորվեն և հասկանան, որ գիտությամբ զբաղվելը պարտականություն չէ: «Գիտությամբ կամ տեխնոլոգիաներով զբաղվելը պետք է ուղղակի հաճույք պատճառի նրանց, և նրանք միաժամանակ զգան, որ իրենք զբաղվում են ամենաժամանակակից, ամենահետաքրքիր գործով, որի նկատմամբ խորը հարգանք ունեն բոլորը»,-նշել է Արմեն Սարգսյանը: «Նոբելյան մրցանակն աշխարհի ամենաբարձր մրցանակներից մեկն է գիտության ոլորտում, բայց այս փառատոնի սրահում մարդիկ կան, որոնք հայտնի արվեստագետներ են, երաժիշտներ են: Եվ նրանք պարզապես իրենց գլուխն են խոնարհում աշխարհահռչակ գիտնականների առջև»:

Եվս մեկ անգամ անդրադառնալով STARMUS -ի հաջորդ փառատոնը Հայաստանում անցկացնելու իր առաջարկ-հրավերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ դա երկիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը դառնա աշխարհահռչակ գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, աստղագնացների, տիեզերագնացների, աշխարհի հայտնի երաժիշտների հանդիպման վայր: «Հույս ունեմ, որ 6-րդ STARMUS-ը նաև մեր երիտասարդներին կոգևորի զբաղվել ոչ միայն երաժշտությամբ, արվեստով, այլև՝ գիտությամբ»,-ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը: