26 հունիսի 2019 - 14:05 AMT
Թբիլիսիում բախումներից տուժած Գրիգորյանը վիրահատվել է

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում ազգությամբ հայ կա՝ Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, որը վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։

«Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով»,-ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության գրառման մեջ:

Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: