26 հունիսի 2019 - 16:36 AMT
Սովից տառապողների քանակն աշխարհում աճում է

Պատերազմների և կլիմայի փոփոխությունների հետևանքով վերջին տարիներին սովից և հյուծվածությունից տառապող մարդկանց քանակն աշխարհում կտրուկ աճել է, ինչպես և փախստականների քանակը: Այդ մասին ասվում է գերմանական մարդասիրական Welthungerhilfe կազմակերպության տարեկան հաշվետվության մեջ:

«Երաշտների, ջրհեղեղների և փոթորիկների հետևանքով կենդանիներն անկում են և սրում են սովի խնդիրը: Հարավային երկրների աղքատ բնակչությունը կրում է այս խնդրի հիմնակնա բեռը, խնդրի, որն, առաջին հերթին, առաջացրել են հարուստ հյուսիսային երկրները»,-ասել է կազմակերպության ղեկավար Մարլեն Թիմեն, գրում է Deutsche Welle-ն:

Անվտանգության հետ կապված անկայուն վիճակն այն երկրների մեծ մասում, որտեղ աշխատում է Welthungerhilfe-ը, դժվարացնում է օգնության ցուցաբերումը մարդկանց: «Ամբողջ տարածաշրջաններ պատերազմական գործողությունների պատճառով կտրվում են արտաքին աշխարհից, հակամարտող կողմերը խոչընդոտում են հումանիտար բեռներով տրանսպորտի երթևեկությանը: Դպրոցներն ու հիվանդանոցները ռմբակոծվում են»,-ասել է Թիմեն:

Welthungerhilfe կազմակերպությունը հիմնվել է 1962-ին: 2018-ի տվյալներով այն օգնություն է ցուցաբերել 10,5 մլն մարդու: Կազմակերպության տարեկան բյուջեն 2013,6 մլն եվրո է: Միջոցների մեծ մասը ծախսվել է Բուրունդիի, Լիբերիայի և Սիրիայի խնդիրների լուծման համար: