27 հունիսի 2019 - 10:45 AMT
ԵԽԽՎ-ն մալթացի լրագրողի սպանությանն Ադրբեջանի կապի մասին զեկույց է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահժողովը զեկույց է ընդունել 2017 թվականի աշնանը սպանված մալթացի լրագրող Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանության բացահայտման վերաբերյալ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» վերտառությամբ զեկույցում կոչ է արվում հայտնի լրագրողի սպանության մեջ ներքաշված բոլոր երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ապահովել արդար հետաքննության իրականացումը:

Զեկույցում արձանագրվում է ադրբեջանական իշխող ընտանիքի կապը հայտնի լրագրողի սպանության հետ:

«Հայկական պատվիրակությունը, բնական է, կողմ քվեարկեց զեկույցին», - գրել է Հայրապետյանը:

53-ամյա Դաֆնա Կարունա Գալիցիա, որը հետաքննող լրագրողը էր՝ հայտնի իշխանությունների կոռուպցիոն գործարքների մասին բազմաթիվ հրապարակումներով, սպանվել է մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: