27 հունիսի 2019 - 11:42 AMT
Լարսում կանգնեցված հայկական ավտոբուսի վարորդին բաց են թողել. Ուղևոր է ձերբակալվել

Հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-ասվում է գրառման մեջ։

Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը, ինչի պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները ժամեր շարունակ մնացել էին անցակետում։

Ըստ վրացական աղբյուրների, ավտոբուսի մեջ եղած հովերբորդում հայտնաբերել են մոտ 500 գրամ թմրանյութ, ենթադրվում է հերոին։ Իրականացվում է քննություն։