9 հուլիսի 2019 - 15:15 AMT
Հարցում. Հայուհիների 19%-ը կարծում է, որ երկրի ղեկավարության մեջ կանայք ավելի քիչ պետք է լինեն

Հայաստանցի կանանց 19%-ը կարծում է, որ երկրի ղեկավարության մեջ կանայք ավելի քիչ պետք է լինեն: Այդ են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցած կանանց 35%-ը երկրի ղեկավարության շարքերում ավելի մեծաթիվ կանանց է ուզում տեսնել, 32%-ին գոհացնում է առկա վիճակը, իսկ 13%-ը չի պատասխանել հարցին:

Տղամարդկանց շրջանում ցուցանիշներն այլ են՝ 38%-ը ցանկանում է, որ կանայք ղեկավար շարքերում ավելի քիչ լինեն, 32%-ին գոհացնում է առկա վիճակը և միայն 13%-ն է կարծում, որ կանայք ավելի շատ պետք է ներգրավված լինեն երկրի ղեկավարմանը, իսկ 17%-ը չի պատասխանել հարցին:

Քաղաքականության մեջ ավելի մեծաթիվ կանանց են ուզում տեսնել երիտասարդները՝ 18-29 տարեկանները (31%), տարիքի հետ այդ ցուցանիշը նվազում է՝ 30-49 տարեկանները՝ 25%, 50-ից բարձր տարիքովները՝ 22%:

Ընդհանուր առմամբ, հարցման մասակիցների 28%-ը նշել է, որ կանայք երկրի ղեկավարության շրջանում ավելի պակաս պետք է լինեն, 25%-ն ուզում է, որ կանայք ավելի ներգրավված լինեն քաղաքականությանը, իսկ 15%-ը չի պատասխանել:

Հարցումն անցկավել է մայիսին Հայաստանի ամբողջ տարածքում, 1200 մարդու մասնակցությամբ:

Հայաստանում միայն մեկ կին նախարար կա, իսկ Ազգային ժողովում՝ 32 կին (պատգամավորների մոտ 25%-ը), նախկին գումարման խորհրդարանում 18-ի փոխարեն: