9 հուլիսի 2019 - 17:14 AMT
Պուտինը դեմ է Վրաստանի հանդեպ պատժամիջոցներին. «Ես դա չէի անի»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատերինբուրգում ելույթի ժամանակ հայտարարել է, որ վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով՝ Վրաստանի դեմ պատժամիջոցներ չէր սահմանի:

«Հանուն լիարժեք հարաբերությունների վերականգնման ես ոչ մի այնպիսի բան չէի ձեռնարկի, որն էլ ավելի կբարդացներ մեր հարաբերությունները»,-ասել է նա:

«Ինչ-որ մեկն ավել-պակաս դուրս է տվել»,-ասել է ՌԴ նախագահը, գրում է «Վեդոմոստին»:

Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով հանդես է եկել Պետդուման:

Հուլիսի 9-ին Պետդուման միաձայն հայտարարություն է ընդունել, որով խորհուրդ է տվել կառավարությանը դիտարկել Վրաստանի դեմ սահմանափակող միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը: Ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել էր, որ խոսքը Վրաստանից գինու և հանքային ջրի ներմուծման արգելքի մասին է, ինչպես նաև դրամական փոխանցումների և այդ երկիր ռուսաստանցիների այցերի վերաբերյալ:

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ավելի ուշ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հաղորդավարի համար և անընդունելի համարել «արտահայտման ձևը»: Գվարամիան, սակայն, ընդգծել է, որ «Ռուսթավի 2»-ն իր գլխավոր նպատակն է համարում Վրաստանի պաշտպանությունը, իսկ Պուտինի դեմ ցանկացած հոխորտում՝ արդարացված: