10 հուլիսի 2019 - 15:15 AMT
Տուսկը Սևան կայցելի. ԵՄ-ն աջակցելու է ջրային ռեսուրսների կառավարմանը

Եվրամիության կողմից ՀՀ-ին հատկացված գումարները հատկապես ուղղվելու են ենթակառուցվածքային ու բնապահպանական գերակա ծրագրերին։ Այդ մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ 2019-ին ԵՄ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկացվող ֆինանսավորումը։

«Այս համատեքստում ես նախապես վայելում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությունը։ ԵՄ-ն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի վերջին բրյուսելյան այցի ժամանակ»,-ասաց Տուսկը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հայտնել է, որ Սևան այցի ընթացքում այցելելու է նաև Սևանավանք, որն «ապացույց է Հայաստանի` եվրոպական մշակույթի վրա հազարամյա ազդեցության»։

Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և մինչ Երևան ժամանելը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա: