10 հուլիսի 2019 - 17:36 AMT
Նինոծմինդայում կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու հանդեպ բռնություն գործադրելու մեջ

Նինոծմինդայում կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այդ մասին Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել հուլիսի 8-ի դատական նիստում, հայտնում է nor.ge-ն:

Դատարանը մեղավոր է ճանաչել Նինոծմինդայի բնակիչ Ս.Թ.-ին և նրան դատապարտել 300 ժամյա հասարակական աշխատանքի, որը նա կատարելու է պետության համար անհատույց կերպով: Սակայն մեղադրվողը համաձայն չէ դատարանի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն:

«Մենք համաձայն չենք այդ որոշման հետ և պատրաստվում ենք բողոքարկել, որի համար ունենք մեկ ամիս ժամանակ»,- նշել է փաստաբան Պաատա Մանվելաշվիլին:

Դեպքի առնչությամբ մի քանի ամիս շարունակ Ախալքալաքի դատարանում քննություն էր ընթանում:

Ամուսինը պնդում է, որ իրենց 30 տարվա համատեղ կյանքի ընթացքում կինն իրեն անընդհատ վիրավորել է, ինչի պատճառով նա ստիպված է եղել գիշերել փողոցում կամ հարևանների տանը:

Կինն էլ իր հերթին պնդում է, որ ամուսինը սպառնացել է սառը զենք կիրառել և փորձել է ճնշում գործադրել իր վրա: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, 2018թ. մարտի 15-ին կինը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինը իր նկատմամբ բռնություն է գործադրել, սակայն հետագայում պարզվել է, որ բռնության զոհի դերում ոչ թե կինն է եղել, այլ նրա՝ ամուսինը: