11 հուլիսի 2019 - 15:47 AMT
Չինաստանի հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիրը կներկայացվի վավերացման

Կառավարությունը հավանություն է տվել 2019-ի մայիսի 26-ին ստորագրված «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծը կներկայացվի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, հայտնում է Yerkirmedia.am-ը:

Արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը նշել է, որ այս համաձայնագիրը կնքելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցի ժամանակ:

«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցութունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ Չինաստանում համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կվավերացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Չինաստանի հետ «Սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում: