13 հուլիսի 2019 - 10:43 AMT
ԱՄՆ կոնգրեսականն առաջարկում է $4 մլն հատկացնել ԼՂ-ում խաղաղության պահպանմանը

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ջանքերը, հայտմել է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին, և ես առաջարկել եմ $4 մլն հատկացնել այդ նպատակով: Այս համատեքստում նշեմ նաև պալատի հավանությանն արժանացած կոնգրեսական Շերմանի նախաձեռնությունը, որը արգելում է Ադրբեջանին որևէ զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել ԼՂ քաղաքացիական օդանավերի դեմ», -նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ իրեն չափազանց մտահոգում են սահմանին տեղի ունեցող միջադեպերը:

Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» նախաձեռնության իրականացմանը: Այն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից։

2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարների կողմից մշակված այս նախաձեռնությունը նախատեսում է Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծից հանել դիպուկահարներին և հրետանին, տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ կտան պարզել հրադադարի խախտման մեղավորներին, և զգալի ավելացնել ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցչի դիտորդների քանակը: